Ակտիվների կառավարման ընդհանուր նկարագիր

Ա – Ընդհանուր նկարագիր

Ի՞նչ է ակտիվների կառավարումը:

Ակտիվների կառավարումը ներդրողի անունից ակտիվների որոշակի խմբի (օր.՝ կանխիկ միջոցներ, արժեթղթեր և այլն) մասնագիտական կառավարումն է մասնագիտացված ընկերությունների կողմից, որոնք կոչվում են ակտիվներ կառավարիչ ընկերություններ:

Ի՞նչ է ակտիվների կառավարիչ ընկերությունը: Ի՞նչ է Ֆոնդը:

Ակտիվների կառավարիչ ընկերությունը (կամ «ակտիվների կառավարիչը») անկախ ընկերություն է, որը կառավարում է ներդրումային գործիքներ, որոնք կոչվում են Ֆոնդեր:
Իրենց խնայողությունների ներդրման նպատակով անհատները (ներդրողները) կարող են գնել Ֆոնդի փայեր: Ակտիվների կառավարիչ ընկերությունը կառավարում է Ֆոնդը` բոլոր ներդրողներից ստացված կուտակային հատկացումները ակտիվների որոշակի համախմբում (ներառյալ կանխիկ միջոցներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) ներդնելու միջոցով: Ակտիվների կառավարիչ ընկերությունը ծառայություններ է մատուցում Ֆոնդին և վերջինիս ներդրողներին:
Ֆոնդի ներդրումները ներդրողների սեփականությունն են: Դրանք չեն հանդիսանում կառավարիչ ընկերության սեփականությունը: Ակտիվների կառավարիչ ընկերությունը պարտավոր է Ֆոնդի ակտիվները կառավարել Ֆոնդի՝ նախապես հայտարարված ներդրումային նպատակներին և ուղենիշներին (Ֆոնդի կանոններ), ինչպես նաև Օրենքով և Կանոնակարգերով սահմանված կանոններին համապատասխան:

Ի՞նչ է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի էությունը կայանում է նրանում, որ մասնակիցներից ստացված կուտակային հատկացումները (և համապատասխան պետական հատկացումները) այնպես ներդրվեն Կենսաթոշակային Ֆոնդում, որպեսզի կենսաթոշակային տարիքում Մասնակիցը կարողանա օգուտ ստանալ այդ խնայողություններից:

Ի՞նչ է Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերությունը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերությունը ակտիվների կառավարիչ ընկերություն է, որը կառավարում է Կենսաթոշակային Ֆոնդեր (տես ստորև):

Ի՞նչ է Կենսաթոշակային ֆոնդը:

Կենսաթոշակային ֆոնդը, ինչպես վերը նկարագրված է, կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար կառավարվող Ֆոնդ է: Կենսաթոշակային Ֆոնդը մի կողմից հավաքագրում է մասնակիցներից ստացված կուտակային հատկացումները (հատկացումները), մյուս կողմից հավաքագրված միջոցները ներդնում է ֆոնդերում, որոնք պարունակում են տարատեսակ ակտիվներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը, ավանդները և այլ ակտիվներ: Մասնակիցները ստանում են իրենց կողմից կատարված կուտակային հատկացումներին, համապատասխան պետական հատկացումներին և Ֆոնդի կողմից ապահովված եկամուտներին համարժեք Կենսաթոշակային Ֆոնդի փայեր:

Ի՞նչպիսին է օրենսդրական և կարգավորման դաշտը:

Հայաստանում ցանկացած ընկերության նկատմամբ կիրառելի ընդհանուր օրենքներից զատ Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության կազմավորման և գործունեության օրենսդրական դաշտը սահմանում են երկու օրենքներ և մի շարք կանոնակարգեր.

  • «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (սահմանում է Կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցվածքը և հիմնական գործող անձանց, համակարգի Մասնակիցների իրավունքները և պարտավորությունները, Կենսաթոշակային Ֆոնդերի կառավարման կանոնները, Կուտակային կենսաթոշակների տեսակները և այլն): Օրենքը հասանելի է www.arlis.am էլեկտրոնային հասցեով:
  • «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (սահմանում է ներդրումային ֆոնդերի տեսակները և դրանց կազմակերպչա-իրավական ձևը, ներդրումային ֆոնդերի կազմավորումը, գործունեությունը, կառավարումը և գործունեության դադարեցումը, ներդրումային ֆոնդ կառավարող ընկերությունը և այլն): Օրենքը հասանելի է www.arlis.am էլեկտրոնային հասցեով:
  • Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակներին առնչվող օրենսդրական դաշտը սահմանվում է նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կանոնակարգերով: Կանոնակարգերը հասանելի են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կայքում՝ www.cba.am էլեկտրոնային հասցեով:

Կենսաթոշակային ֆոնդերի և դրանց կառավարման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը արտացոլվում է Ֆոնդի կանոններում: Ֆոնդի կանոնները հրապարակային են և հասանելի են Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության կայքում ( www.amundi-acba.am ):

Բ. Կուտակային կենսաթոշակային համակարգի գործող կողմերը

Ովքե՞ր են մասնակիցները:

Մասնակիցները անհատներ են, ովքեր ի թիվս այլ բաների.

  • կուտակային հատկացումներ են իրականացնում պարտադիր կենսաթոշակային համակարգի շրջանակում,
  • կարող են ընտրել Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերություն և Կենսաթոշակային ֆոնդ, որտեղ կներդրվեն իրենց հատկացումները,
  • կենսաթոշակային տարիքին հասնելուն պես ստանալու են Կենսաթոշակ:

Ի՞նչ են անում Գործատուները Կուտակային կենսաթոշակային համակարգի համար:

Գործատուները հավաքագրում են վճարները Մասնակիցներից (վարձու աշխատողներից), հետևաբար նրանք հանդես են գալիս որպես վճարման գործակալ:

Ի՞նչ են անում հաշվի օպերատորները Կուտակային կենսաթոշակային համակարգի համար:

Հաշվի օպերատորները մի քանի հայկական առևտրային բանկեր1 են և Հայփոստը: Նրանք.

  • ընդունում են Մասնակիցների դիմումները, օր.՝ Կենսաթոշակային ֆոնդ կառավարող ընկերության և Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումները,
  • Մասնակիցներին տրամադրում են տեղեկատվություն իրենց կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ,
  • Մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում են Ռեեստրին:

Ի՞նչ է անում Ռեեստրը:

Ռեեստրը2 (Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա).

  • պատահականության սկզբունքով ընտրում է Կենսաթոշակային ֆոնդ այն անհատների համար, ովքեր չեն կատարել իրենց ընտրությունը,
  • վարում է յուրաքանչյուր մասնակցի անհատական կենսաթոշակային հաշիվը,
  • կազմակերպում է Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը և դրանց տեղաբաշխումը Մասնակցների անհատական կենսաթոշակային հաշիվներին,
  • հատկացումները կենտրոնացնում և փոխանցում է համապատասխան Կենսաթոշակային ֆոնդի հաշվին և տեղեկացնում է Կենսաթոշակային ֆոնդ կառավարող ընկերությանը փոխանցված գումարների վերաբերյալ:

Ի՞նչ է անում Պահառուն:

Պահառուն (Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա)՝

  • հսկում է Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության կողմից Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարումը,,
  • հետևում է Կենսաթոշակային ֆոնդի ներդրումների սահմանափակումներին,
  • իրականացնում է Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների առանձնացված պահպանում, ինչպես նաև հաշվառում է Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության կողմից իրականացվող գործարքները:

Ի՞նչ է անում Կենսաթոշակային ֆոնդ կառավարող ընկերությունը:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերությունը՝

  • կայացնում է ներդրումային որոշումներ ֆոնդի միջոցները ակտիվների տարբեր տեսակներում ներդնելու վերաբերյալ,
  • իրագործում է այդ որոշումները Ֆոնդի անունից ֆինանսական շուկայում տարատեսակ ներդրումային գործիքներ գնելու և վաճառելու միջոցով:

Ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի առնչությամբ Կենտրոնական բանկը՝

  • կարգավորում, լիցենզավորում, մշտադիտարկում և վերահսկում է կենսաթոշակային համակարգի ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսիք են՝ Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերությունները, բանկերը, ֆոնդի Մասնակիցների Ռեեստրը, Պահառուն և այլն:

Գ - «ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

Ի՞նչ է Ամունդի-ԱԿԲԱ-ն:

Ամունդի-ԱԿԲԱ-ն Հայաստանում Կենսաթոշակային ֆոնդեր կառավարող ընկերություն է, որը հիմադրվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2013 թվականի նոյեմբերին: Ընկերության 2 բաժնետերերն են ակտիվների կառավարման ոլորտում Եվրոպական առաջատար Ամունդին և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը:

Ո՞րն է Ամունդի-ԱԿԲԱ-ի հիմնական գործունեությունը:

Ամունդի-ԱԿԲԱ-ի հիմնական գործունեությունը հիմնված է ներդրումային գործընթացի 3 մակարդակների վրա.

  • Ֆոնդի կառավարիչը կայացնում և իրագործում է ներդրումային որոշումներ Կենսաթոշակային ֆոնդերի անունից արժեթղթեր գնելու և/կամ վաճարելու միջոցով:
  • Միդլ-օֆիսերը հսկում է Ռեեստրի, Պահառուի և Ֆոնդի ադմինիստրավորման գործակալի առնչությամբ Ֆոնդի կառավարման գործողությունները:
  • Ռիսկերի և համապատասխանության գծով պատասխանատուն վերահսկում է Կենսաթոշակային ֆոնդերի ռիսկերը և համապատասխանությունը օրենքներին, կանոնակարգերին, ֆոնդի կանոններին և ներքին ակտերին:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Ամունդի-ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող ֆոնդերը:

Ամունդի-ԱԿԲԱ-ն Հայաստանում կառավարում է 3 պարտադիր Կենսաթոշակային ֆոնդեր, որոնք միմյանցից տարբերվում են բաժնային արժեթղթերում ներդրումների սահմանաչափերով.

  • Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ Կայուն եկամտային Ֆոնդ կամ AMFIX (բաժնային արժեթղթերում ներդրումներ չեն թույլատրվում)
  • Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ Պահպանողական Ֆոնդ կամ AMCON (բաժնային արժեթղթերում թույլատրվում են մինչ 25% ներդրումներ)
  • Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ Հավասարակշռված ֆոնդ կամ AMBAL (բաժնային արժեթղթերում թույլատրվում են մինչ 50% ներդրումներ)

Ֆոնդերի ադմինիստրավորման գործակալի կողմից հաշվարկված 3 Կենսաթոշակային ֆոնդերի կատարողականները և զուտ ակտիվների արժեքները (ընդհանուր և մեկ փայի հաշվով) հասանելի են www.amundi-acba.am էլեկտրոնային հասցեով և Ռեեստրավարի ինտերնետային կայքում՝ www.nasdaqomx.am :
Ամունդի-ԱԿԲԱ-ն նաև հրապարակում է Ֆոնդերի վերաբերյալ Ամսական տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև եռամսյակային և տարեկան հաշվետվություններ, որոնք հասանելի են www.amundi-acba.am էլեկտրոնային հասցեով:

Ի՞նչ է անում ֆոնդի ադմինիստրավորման գործակալը:

Ամունդի-ԱԿԲԱ-ն ֆոնդի ադմինիստրավորման գործակալին է պատվիրակել.

  • Ֆոնդերի գնահատումը և Կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքների օրական հաշվարկը,
  • Ֆոնդի հաշվապահությունը, ներառյալ՝ Կենսաթոշակային ֆոնդերի եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների տրամադրումը: Ի գիտություն՝ Կենսաթոշակային ֆոնդերի տարեկան հաշիվները աուդիտի են ենթարկվում անկախ աուդիտորական ընկերության կողմից:

Ֆոնդի ադմինիստրավորման գործակալի կողմից տրամադրված ֆոնդերի գնահատումները և հաշվապահությունը ստուգելը Ամունդի-ԱԿԲԱ-ի պարտավորությունն է:

1. Որպես հաշվի օպերատոր հանդես եկող առևտրային բանկերի ցանկը հասանելի է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կայքում՝ www.epension.am

2.  www.nasdaqomx.am

 

Թարմացվել է՝ 15.07.2016  17:20